Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Երբ պարտավոր են կատարել իրենց հանձնառությունը և փակել պարտքերը

Երբ պարտավոր են կատարել իրենց հանձնառությունը և փակել պարտքերը
14.07.2009 | 00:00

ԵԿԵԼ Է X ԺԱՄԸ
Աստծո անցած յոթ օրում աշխարհում ոչինչ չփոխվեց: Հայաստանում ժամանակներն են արագանում, և օրինաչափորեն, թե ոչ օրինաչափորեն... փոքրանում է տարածքը:
Ոչ օրինաչափ օրինաչափություն է ի հայտ եկել` ՀՀ նախագահը պետական կամ պաշտոնական այցով այլևս ոչ մի տեղ չի մեկնում, միայն ընդունում է` ով էլ գա: Ի հաստատումն` հուլիսի 6-ին Հայաստանում էր Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Քրիստոֆիասը: Նրա գալուստն այնքան էր ուրախացրել ՀՀ նախագահին, որ որոշեց վերջապես սիրտը դատարկել ու դաժան կյանքից բողոքել, մանավանդ որ կիպրացին էլ թուրքերից վառված տղա էր` գործից հասկանում էր: Պաշտոնական ասուխոսից հետո ասուլիսում ՀՀ նախագահը հարկ համարեց ասել. «Մենք ցանկանում ենք վերացնել Եվրոպայում մնացած փակ սահմանները և կառուցել առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ: Բայց մենք մտադիր չենք այդ ճանապարհին թույլատրել օգտագործել բանակցային գործընթացը` միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար»: Շատ ազնիվ ու անմեղ հայտարարություն, բայց որովհետև իրավիճակն այնքան էլ ազնիվ ու անմեղ չէ, այս արտահայտությունը ձեռք բերեց համարյա թե չկայացած ուլտիմատումի արժեք, որին, ի դեպ, Թուրքիան բոլորովին էլ չշտապեց համարժեք կամ ոչ համարժեք պատասխանել: Գոնե կարող էր հետաքրքրվել, թե ինչ նկատի ուներ ՀՀ նախագահը, երբ ասում էր. «Մեր պարագաներում փոխադարձ պայմանավորվածությունները չհարգելը տանում է դեպի անվստահության մեծացում, տանում է դեպի անջրպետի ավելի խորացում և հետագայում շատ ավելի մեծ ջանքերի գործադրում»: Պարզապես ստեղծվել է ոչ համարժեք իրավիճակ` Հայաստանն իր քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիրը դարձրել է հայ-թուրքական հարաբերությունները (դրանց հետ էլ շաղկապված` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը)` նկատի ունենալով դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի բացում, Թուրքիան իր քաղաքական օրակարգի թիվ 10-ից հետո սկսվող խնդիրների շարանում է տեսնում Հայաստանի հետ հարաբերություններ ունենալ-չունենալը, իսկ սահմանի բացումն էլ համարում է շատ մեծ քայլ, որ կարելի է անել կիսաքայլերով էլ (այս շաբաթ կբացեմ, եկող շաբաթ` կփակեմ, մյուս շաբաթ` կգցեմ-կբռնեմ` ինչ անեմ): Լեռնային Ղարաբաղի խնդիրն էլ համարում է Հայաստանի հետ հարաբերությունների առանցքում, թեպետ ինքը երրորդ երկիր է հակամարտության շրջանակում ու որքան էլ ճգնում է` դեռ նույնիսկ միջնորդի կարգավիճակի չի արժանացել:
ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում մարդահամար է անցկացվելու` 2011 թ. հոկտեմբերի 12-21-ը: Մինչ այդ կանցկացվի փորձնական մարդահամար` 2010 թ. ապրիլի 14-23-ը: Գործընթացում 2011 թ. ներգրավվելու է ավելի քան 16000 ժամանակավոր աշխատակից:
Հուլիսի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ ու հայտարարել, որ ստեղծվել է նախադեպը չունեցող կառույց, որի կառուցվածքը և կանոնադրությունը ձևավորվել են պետական կառույցներից դուրս: «Ձեր որոշումները պետական կառավարման մարմինների կողմից պարտադիր կատարման ենթակա չեն, քաղաքականության վրա ուղղակի ազդեցություն չեն ունենալու: Բայց բոլորիս համար էլ պարզ է, որ այս կառույցը ստեղծվել է, որպեսզի քաղաքականության վրա ազդեցություն ունենա: Առաջին հայացքից թվում է` սա հակասական է, բայց գոնե ինձ համար ակնհայտ է, որ հակասություն չկա: Եթե պետական կառավարման մարմիններն առաջին հերթին գործում են օրենքի ուժով, ապա ձեր գործունեության մեջ էական նշանակություն է ունենալու հարգանքը, հեղինակությունը և հանրային վստահությունը: Ես շատ ուրախ եմ, որ Հանրային խորհրդի կազմում ընտրվել են մարդիկ, ովքեր անհատապես ունեն այս որակները: Իմ ցանկությունն է, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրի անհատական որակները փոխանցվեն կառույցին»,- հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը` հաստատելով, որ Հանրային խորհուրդը հարգանք, հեղինակություն ու հանրային վստահություն չունի: Իսկ ի՞նչ է արել խորհուրդը, որ հարգես ու վստահես: Սերժ Սարգսյանը նաև դա է հաշվի առել` «Գաղափարը հնչեցնելու առաջին իսկ օրվանից եղան մարդիկ, ովքեր սկսեցին պիտակավորել կառույցը` նույնիսկ չիմանալով, թե ինչպիսի կանոնադրությամբ այն պետք է աշխատի: Վստահ եմ, և՛ դուք, և՛ մեր հասարակության հասուն մասը շատ լավ հասկանում են, թե ինչու վարկաբեկման այս գործընթացը սկսվեց: Եթե մենք այս պարզ բանը հասկանում ենք, նշանակում է` մեր գործունեության մեջ այն անպայման պետք է հաշվի առնենք և իրականացնենք գաղափարները` ոչ թե ինչ-որ մեկին համոզելու, թե իրենք իրենց մոտեցումներում ճիշտ չէին, այլ կարողանանք կառուցել ավելի լավ երկիր, որ մեր հասարակությունը դառնա ավելի լավը»: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նրան զեկուցել է կազմակերպական հարցերի մասին ու նշել, որ ժողովրդավարության ճանապարհով ընթացող բոլոր երկրներում գոյություն ունեն հանրային խորհրդի նման կառույցներ, որոնք զգալի մասնակցություն են ունենում հասարակական խնդիրների լուծման գործում, հաշտարարի դեր կատարում հասարակության մեջ շահերի բախումների դեպքում: ՀՀ նախագահի նախկին թեկնածուն (բոլոր ընտրություններում նա նախագահության թեկնածու է) նաև դարակազմիկ գյուտ է արել ու փոխանցել գործող նախագահին ու իր ղեկավարած խորհրդին, որի անդամներից ոչ մեկը չի առարկել այդ «հիմնարար» ճշմարտությանը, այն է` «Կեղծ տպավորություն կա, որ ընտրությունների միջոցով ժողովուրդը կարող է ձևավորել մի իշխանություն, որն իր խնդիրները կլուծի»: Շատ համարձակ հայտնություն է, այսինքն` նույնիսկ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը չի լուծելու ժողովրդի խնդիրները: Իրականում Վազգեն Մանուկյանը նկատի է ունեցել, որ քանի դեռ ինքը չի ընտրվել նախագահ, այդպես է լինելու: Բայց քանի որ նրա նախագահ ընտրվելն ապրիորի հասկացության ապացույցներից մեկն է, մնում է մտածել, որ Վազգեն Մանուկյանն ասում է այն` ինչ։
Հուլիսի 10-ը Սամսոնի օրն էր, ժողովրդական հավատալիքները վկայում են, որ եթե Սամսոնի օրն անձրև է գալիս, յոթ շաբաթ անձրևելու է: Պատկերացնո՞ւմ եք` ինչ թաց ամառ է մեզ վիճակվել 2009-ին:
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գնաճը կազմել է 5,2 տոկոս, այսինքն` հունիսին 0,3 տոկոս գնանկում է եղել, որովհետև գնաճը հունիսին 5,5 տոկոս էր: Վիճակագրությունը հավաստում է պարենային ապրանքների 1,4 տոկոս գնանկում և ոչ պարենային ապրանքների 2 տոկոս գնաճ: Այսպես էլ ապրում ենք:
Հուլիսի 12-ին «Ոսկե ծիրան» փառատոնն է սկսվել. ինչ պտուղներ կճաշակենք, կերևա առաջիկա շաբաթում: Գուցե ոսկի էլ լինի:
Միայն թեթևամիտ իտալացիների մտքով կանցներ աշխարհի ուժեղագույն պետությունների ղեկավարներին հավաքել ու տանել զորանոց, այն էլ այնպիսի, որ պարբերաբար ցնցվում է: Եվ հետո էլ ասել` վերականգնեք ձեր ընտրությամբ, մենք փող չունենք: Վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին Նոբելյան մրցանակն էլ քիչ է` իր գաղափարների, դրանց իրականացման ձևի ու արագության համար: Երկրաշարժից ավերված ու դեռ ցնցվող Ակվիլան Մեծ ութնյակի գագաթաժողովների պատմության մեջ կմնա տարատեսակ ձևաչափերի իրարահաջորդումով. Բեռլուսկոնիին հաջողվեց ութնյակը ձգել մինչև 30-ի: 30 երկրների և միջազգային 8 կառույցների ղեկավարներ են մասնակցել գագաթաժողովին` քննարկելով ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ճանապարհները, բնապահպանական խնդիրներ և, իհարկե, ամենագլխավոր հարցը` ի՞նչ անել, որ ֆինանսական ճգնաժամը չվերածվի պարենային ճգնաժամի` գլոբալ մասշտաբով: ՈՒթնյակը որոշել է երեք տարում 15 միլիարդ դոլար հատկացնել աֆրիկյան երկրներին` սովի դեմ պայքարի ու պարենային ծրագրերի իրականացման համար:
Ակվիլան հայ ժողովրդի պատմության մեջ էլ կմտնի, թեպետ ՀՀ նախագահը չէր մասնակցում գագաթաժողովին ոչ մի ձևաչափով: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները հուլիսի 10-ին հայտարարությամբ դիմեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` հորդորելով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. «Մենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի նախագահներս, հաստատում ենք մեր նվիրվածությունը` աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կարգավորման հիմնարար սկզբունքները վերջնական տեսքի բերելու գործում: Մենք հանձնարարում ենք մեր միջնորդներին` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ներկայացնել 2007 թ. նոյեմբերին Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակ` հիմնարար սկզբունքների նոր շարադրանքը համանախագահների կողմից: Մենք հորդորում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին լուծելու իրենց միջև մնացած սակավաթիվ տարաձայնությունները և ավարտական տեսքի բերելու այդ հիմնարար սկզբունքների վերաբերյալ իրենց համաձայնությունը, որով կուրվագծվի համապարփակ կարգավորման ընդհանուր պատկերը»: Մեջբերում. «ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները Հայաստանին և Ադրբեջանին կարգավորման հիմնարար սկզբունքների նախնական տարբերակ են ներկայացրել 2007 թ. նոյեմբերին, Մադրիդում: Հիմնարար սկզբունքներն արտացոլում են բանական փոխզիջում` հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Հիմնարար սկզբունքները կոչ են անում մասնավորապես`
l Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը,
lԼեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որն անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի,
lՀայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,
lԼեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում` իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով,
lներքին տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք,
lանվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություններ:
Հայաստանի և Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքների սատարումը թույլ կտա մշակել համապարփակ կարգավորման ծրագիր` ուղղված Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ, կայուն և բարգավաճ ապագայի ապահովմանը» (հայտարարության տեքստը տեղակայվեց ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում): Հավելենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հուլիսի 17-ին հանդիպելու են Մոսկվայում: Հուլիսի 11-ին Երևանում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգն այդ հանդիպումից մեծ առաջընթաց է ակնկալում: Սթեյնբերգը լրագրողներին ասել է. «Մեր պատվիրակությունը Բաքվում հանդիպել է նախագահ Ալիևի հետ, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում մեր քննարկումների արդյունքում տպավորություն է առաջացել, որ երկու կողմերն էլ փորձում են ընդհանուր լուծումներ գտնել` հիմնված մադրիդյան սկզբունքների վրա, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի արդյունքում, ինչպես ասված է երեք նախագահների համատեղ հայտարարության մեջ, թույլ կտան օգտագործել այս հնարավորությունը և մոսկովյան հանդիպման ընթացքում առաջընթաց գրանցել»: Ոգևորված Սթեյնբերգին «երկու կողմերի տրամադրվածությունը» հույսեր է ներշնչել «գալիք շաբաթվա ընթացքում առաջ շարժվելու»: Ենթադրվում է, որ այդ «առաջ շարժվելը» նշանակելու է համաձայնագիր ստորագրել: Եթե այդպես է, Սթեյնբերգին, թերևս, հիասթափություն է սպասում:
Բանակցությունների ընթացքում «պատահել է» տեղեկատվության արտահոսք, հիմնականում` ոչ պաշտոնական աղբյուրներից: Թերևս առաջին անգամ է ԵԱՀԿ-ն իր կայքէջում այս ծավալի «արտահոսք» տալիս: Ի՞նչ է սա նշանակում: Առաջին հերթին` արագացում: Ակներևաբար` համանախագահները և իրենց երկրների նախագահները կողմերին հասկացնում են, որ եկել է X ժամը, երբ պարտավոր են կատարել իրենց հանձնառությունը և փակել պարտքերը: Համենայն դեպս` ժամանակի հետադարձ հաշվարկը սկսված է: X ժամը, իհարկե, ոչ հուլիսին, ոչ օգոստոսին համաձայնագրի տեսքով չի գա, բայց ազդանշանները տագնապալի են: Այնուհանդերձ` այս արագացումն անակնկալ չէր, մադրիդյան սկզբունքներն էլ անակնկալ չէին` դրանց բովանդակությունն այս կամ այն կերպ գաղտնազերծվել էր կամ ենթադրելի էր ու հայտնի էր: ՈՒրեմն` առանձնապես ոչինչ չի կատարվել: Բանակցությունները շարունակվում են, գործընթացը` ևս: Այնուհանդերձ, որքան էլ հայտնի, արդյո՞ք ընդունելի են մադրիդյան սկզբունքները: ՀՀ արտգործնախարարն ի պաշտոնե ողջունել է երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը և նշել, որ սկզբունքների մի մասի շուրջ դեռ բանակցում են. «Կարևոր է, որ այն, ինչի մասին բավական երկար ժամանակ հայտարարում էր Հայաստանը, միանշանակորեն ասվում է` Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, որը պետք է ունենա իրավական պարտադրող ուժ»: Նախարարը կարևորել է և Հայաստանի ու Ղարաբաղի միջև անխափան ցամաքային կապն ու անվտանգության երաշխիքների առկայությունը: Էդուարդ Նալբանդյանը, չգիտես ինչու, հրապարակված սկզբունքների առաջին կետը շրջանցել է, որը միանգամից կասկածի տակ է դնում անվտանգության երաշխիքների առկայությունը: Եվ Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտման շատ մշուշոտ ձևերն էլ հազիվ թե, նրանից բացի, որևէ կողմ իրականում կարևորում է... ՈՒ ստացվում է շատզիջումային մի տարբերակ` փոխզիջումայինի անվան տակ:
Ստեփանակերտում հուլիսի 10-11-ին 25 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՅԴ համահայկական համաժողովը` ԼՂՀ նախագահի բարձր հովանավորությամբ անցկացված, քննարկեց Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերն ու ընդունեց բանաձև: Մասնավորապես ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ բանաձևում ամրագրված է, որ հիմնահարցի վերջնական կարգավորման ուղին խաղաղ բանակցություններն են, որտեղ պետք է փոխվի խեղված ձևաչափը, և ԼՂՀ-ն հանդես գա լիիրավ կողմ: Բանակցային գործընթացում պետք է առաջնորդվել 1991 թ. անկախության և 2006 թ. Սահմանադրության ընդունման հանրաքվեների արդյունքներով: Բանակցությունների նպատակը պետք է լինի առաջնահերթ լուծել ԼՂՀ անկախության ապահովման հարցերը և չշրջանցել բռնազավթված Շահումյանի ու Գետաշենի, Մարտակերտի հատվածները, Ադրբեջանից տեղահանված հարյուր հազարավոր հայերի իրավունքները: «Նորացված մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորումը արագացնելուն ուղղված համանախագահող երկրների նախագահների կոչը բացարձակապես չի բխում հիմնախնդրի բնույթից և հակամարտության ծավալման պատմությունից: Համաժողովը դատապարտելի, անթույլատրելի և իրավական ուժից զուրկ է համարում միջազգային որևէ փաստաթղթի ընդունումը` առանց հակամարտության հիմնական կողմի` ԼՂՀ իշխանության անմիջական մասնակցության: Համաժողովը ՀՀ իշխանություններից պահանջում է չստորագրել առաջարկվող փաստաթուղթը և հրատապ միջոցներ ձեռնարկել` ԼՂՀ-ն բանակցություններում որպես լիիրավ կողմ վերադարձնելու համար»: Հենց այդպիսին է լինում ազգային ու կառուցողական ընդդիմությունը, լավ է գոնե հասցրին ժամանակի մեջ այնպես անել, որ իրենց բանաձևը չնախորդի երեք նախագահների հայտարարությանը: Ինչ է նշանակում երկրորդ հարյուրամյակը կուսակցության համար` ամեն ինչ գիտեն, ամեն ինչի պատրաստ են, ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին լինելը ոչ միայն փորձի, այլև ռազմավարության ու մարտավարության ճկունության խնդիր է:
Հուլիսի 7-ին 77 տարեկանում վախճանվեց Վասիլի Աքսյոնովը` ռուս գրականության 60-ականների սերնդի ամենահայտնի գրողներից մեկը: 1980-ին նա մեկնեց ԱՄՆ, որտեղ էլ տեղեկացավ, որ այլևս ԽՍՀՄ քաղաքացի չէ: «Աքսյոնովի ջինսե բաճկոնից, ինչպես Գոգոլի շինելից, դուրս է եկել ռուս արդի գրականությունը»` սա էր սերնդակիցների գնահատականը: Երիտասարդ ռոմանտիկների նրա սերնդի վերջին մոհիկանները դեռ պահում են 60-ականների դրոշը, և որքան էլ ժամանակները փոխվում են, գրականության բովանդակությունը մնում է նույնը` մարդկանց իդեալ է պետք ու նպատակ:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2134

Մեկնաբանություններ